Tip:
Highlight text to annotate it
X
Ուրախ եմ այստեղ լինել, հպարտ եմ հանդես գալ TEDxYerevan-ում:
Իմ այսօրվա ելույթի թեման հնագիտական տուրիզմն է,
որը հավատացած եմ զարգացման մեծ, հսկայական ներուժ ունի Հայաստանում:
Դեռ այս լուսանկարին ուշադրություն մի դարձրեք, դեռ վաղ է դրա մասին մտածել:
(Ծիծաղ)
Պատկերվածը համբուրգեր չէ,
ոչ էլ ինչ-որ ավելի վատ բան:
Մեկ րոպե և դուք կիմանաք, թե սա ինչ է:
Իմ ելույթի համատեքստից ելնելով՝
ուզում եմ մի հարց տալ:
Հարցը հետևյալն է. Ինչքա՞ն ժամանակ
կամ քանի՞ տարի են պահպանվում փափուկ հյուսվածքները,
մարդու մարմնի փափուկ հյուսվածքները հնավայրերում, օրինակ` քարանձավում:
Քանի՞ տարի:
Իմ ընկեր Բորիսը՝
Հնագիտության ինստիտուտից, ով այսօր այստեղ է գտնվում,
ասում է, որ փափուկ հյուսվածքները սովորաբար հնավայրերում
պահպանվում են 500-600 տարի:
Հիմա կարող եք պատկերացնել,
թե ինչպիսի զարմանք ապրեցին Բորիսն ու նրա արշավախմբի անդամները,
երբ բացեցին հայաստանյան մի հնավայրից պեղած գանգատուփը
և այնտեղից ծորաց, դուրս թափվեց ուղեղի հյուսվածքը. այն գանգատուփից,
որ Բորիսն ու իր արշավախմբի անդամները գտել էին այստեղ Հայաստանում,
Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի քարանձավում:
Գանգատուփը նրանք պեղել էին հնավայրի 6000 տարվա հնություն ունեցով շերտից:
Սա նշանակում է, որ ուղեղի հյուսվածքը,
որ սովորաբար նման պայմաններում պահպանվում է 500-600 տարի,
Արենու քարանձավում ինչ-որ կերպ պահպանվել է 6000 տարի:
Այստեղ՝ Հայաստանում յուրօրինակ ինչ-որ բան է տեղի ունենում,
և հայ ժողովուրդը պետք է իմանա այս մասին,
աշխարհը պետք է իմանա այս մասին:
Այսպիսով, Հայաստանն ինչպես կարող է ավելի շատ օգուտներ ստանալ
այս հնավայրերից ու հնագիտական գանձերից
թե՛ կրթական և հետազոտական աշխատանքների,
թե՛ տնտեսության և տուրիզմի մասով:
Այստեղ տուրիստներ ենք տեսնում:
Տուրիստները կանգնած են Արենու քարանձավի մուտքի մոտ:
Մեջտեղում գտնվող առնական տղամարդը տուրիստ չէ, դա Բորիսն է:
Այս տուրիստները կանգնած են
Արենու քարանձավի մուտքի մոտ՝ հողե ճանապարհին:
Իսկ ի՞նչ կա այդ հողե ճանապարհի դիմաց:
Տեսնում ենք տարբեր գտածոներ ու անոթներ
որոնք ինչքան հասկանում եմ 5000, միգուցե 5500 տարվա պատմություն ունեն:
Այսպիսով, վտանգ կա, որ երբ մարդիկ քայլեն այդ ճանապարհով,
կարող են վնասել հողի տակ գտնվող պատմական արժեք ներկայացնող իրերը:
Խնդրի հնարավոր լուծումներից է վերգետնյա քայլուղու ձևավորումը
լուսանկարում տուրիստների հետևում գտնվող պատի երկայնքով։
Այդ քայլուղու գաղափարին ես դեռ կանդրադառնամ:
Սա 5500-ամյա կոշիկն է, որ հայտնաբերվել է Արենու քարանձավում,
ներկայումս ցուցադրվում է Երևանի պատմության պետական թանգարանում:
Կոշիկներ արտադրող Nike ընկերությունում այս կոշիկի մասին չգիտեն:
(Ծիծաղ)
Երբ իմանան,
հոյակապ գովազդ կպատրաստեն դրանից:
Բայց շատ ու շատ հայեր այս ոտնամանի մասին գիտեն:
Այս ոտնամանը շատ ավելին է, քան ուղղակի գտածոն, որի շնորհիվ
թանգարանի այցելուների թիվը տարեկան ավելանում է մի քանի հարյուրով:
Այցելեք Արենու քարանձավ, որտեղից գտել են այդ ոտնամանը,
և իրապես ապշեցուցիչ բաներ կտեսնեք ու ապշեցուցիչ զգացողություններ կապրեք:
Սա Դինան է, կարծում եմ նա հիմա այստեղ է:
Սա Դինան է։ Դինան արշավախմբի անդամներից մեկն է:
Հենց նա է հայտնաբերել այդ կոշիկը, եթե չեմ սխալվում 2008թ.,
Արենու քարանձավի առաջին շերտի մի փոքր փոսից:
2008թ. նա հայտնաբերեց այդ կոշիկը,
սակայն Արենու քարանձավը
դեռ շատ բաներ ունի առաջարկելու,
այնտեղ բացահայտելու բաներ դեռ շատ կան:
Իրապես հսկայական ներուժ կա:
Այլ դրվագներ քարանձավից: Սա էլ է շատերին հայտնի:
Գինեգործության 6000-ամյա կահ-կարասի քարանձավում,
գինու 6000-ամյա տարաներ:
պիտակ սլաքով նշված է այն վայրը, որտեղ խաղողն էին ճզմում,
ապա հյութը հոսում էր դեպի ներքև,
դեպի մեծ կլոր տարան:
Ապա` հյութը լցվում էր կուժերի մեջ,
որտեղ տեղի էր ունենում խմորումը:
Գինու հնձանի տարաները 6000 տարվա պատմություն ունեն:
Դա նշանակում է, որ դրանք եղել են մոտավորապես մ.թ.ա. 4000 թ․-ից,
այսինքն` Հելլենիստական Հունաստանից 3000 տարի առաջ:
Սա նշանակում է, որ այս կողմերում, Հայաստանի այս հատվածում
գոյություն է ունեցել քաղաքակրթություն՝ զարգացածության այնպիսի աստիճանով,
որ տիրապետել է գինի քաշելու ու գինին ըմբոշխնելու մշակույթին
Հելլենիստական Հունաստանից դեռևս 3000 տարի առաջ:
Գինեգործության մեկ այլ պատմություն Արենուց: Սա «Զորահ» գինին է։
Դուք երևի գիտեք, որ Բլումբերգի կողմից
այս կարմիր գինին, «Զորահ» գինին ներառվել է
աշխարհի տասը լավագույն գինիների ցանկում:
(Ծափահարություններ)
«Զորահի» խաղողի այգիները Արենու քարանձավի
ստվերում են գտնվում, հետնամասի բլուրներին:
Իտալահայ Զորիկը, որ արտադրում է այդ գինին,
օգտագործում է միայն տեղական հայկական խաղող ու գինու
պատրաստման բուն հայկական ավանդույթները,
այդ թվում՝ կավե անոթները, որ մենք տեսանք նախորդ սլայդում։
Զորիկն հիմա հայտնի անձնավորություն է,
քանի որ աշխարհի լավագույն գինիներից մեկն է արտադրում։
Նրան հաճախ են հրավիրում համտեսների ու հավաքների Եվրոպայում:
Երբ եվրոպացի հայտնի գինեգործները,
ովքեր սերնդեսերունդ գինեգործությամբ են զբաղվել,
լսում են, որ «Զորահի» առաջին թողարկումը 2010թ. բերքից է,
մի տեսակ վերևից են նայում նորելուկ գինեգործին:
Այս քամահրական վերաբերմունքին ի պատասխան Զորիկն ասում է.
«Այս հարկի տակ ես թերևս նորելուկ գինեգործ եմ, բայց անմիջապես իմ հարևանը
Արենու քարանձավից, աշխարհի ամենահին գինեգործն է»:
(Ծափահարություններ)
Իսկ ինչո՞ւ ավելի շատ մարդիկ չեն գալիս այստեղ:
Ինչո՞ւ այս երկիրը հեղեղված չէ ուսանողներով, հետազոտողներով,
գիտնականներով ու տուրիստներով:
Պատճառները շատ են. հնավայրերի անմատչելիությունը,
տեղ հասնելու հետ կապված դժվարությունները, սահմանափակ գովազդը,
ոչ բավարար ռեսուրսները: Պատճառները շատ են:
Այս սլայդում ուզում եմ անդրադառնալ կոնկրետ պատճառներից մեկին:
Կրկին Արենու քարանձավն է:
Սա նույնպես 6000 տարվա հնություն ունի։
Էկրանի աջ կողմում
դուք կարող եք տեսնել մի քանի
գինեգործական կահ-կարասին:
Իսկ ի՞նչ կա ձախ կողմում, այդ կարմիր օղակի հատվածում:
Ամբողջովին հողով ու քարերով լցված անցուղի է:
Որևէ կերպ հնարավոր չէ իմանալ, թե ինչ կա անցուղու մյուս կողմում,
որովհետև արշավախմբերը չեն կարող պեղումներն այդ ուղղությամբ շարունակել,
քանի որ հողը հանելու հնարավորություն չկա:
Այդ հողի հետ պետք է ինչ-որ մի բան անել:
Հնարավոր չէ հողը հանել ՝ առանց քարանձավով քայլելու
ու առանց այնտեղ առկա գտածոները վնասելու:
Թեպետ անցուղու մյուս կողմում
ես մեծ քարայր եմ տեսնում, սակայն գաղափար անգամ չունեմ,
թե ինչ գանձեր է այն թաքցնում մեզնից:
Այժմ, որևէ կերպ չենք կարող իմանալ,
թե ինչեր կան այնտեղ:
Հայաստանն այս հարցը պետք է լուծի,
և Հայաստանի միջազգային գործընկերները ցանկանում են օգնել:
Կրկին Բորիսն է, Հնագիտության ինստիտուտում,
որը գտնվում է Երևանի կենտրոնում:
Նա Արենու քարանձավի գանձերից է ցուցադրում:
Փաստացի հարյուրավոր գտածոներ կան,
որոնք բացահայտվել են տարբեր վայրերում կատարված պեղումների ժամանակ,
և ներկայումս դրանք փափուկ թղթով փաթաթված
պահվում են նկուղներում՝ ստվարաթղթե կամ կոշիկի տուփերում:
Դրանք ցուցադրելու
կամ ուսումնասիրելու տեղ չկա:
Հնագիտության ինստիտուտում կամ Երևանի կենտրոնի
փոքր շենքերում դրանք համար տեղ չկա:
Այստեղ Բորիսը ցուցադրում է գործվածքները,
6000 տարի առաջվա գործվածքները, որ գտնվել են Արենու քարանձավում:
Այդ գործվածները չպիտի դիմանային այդքան ժամանակ, 6000 տարի:
Նա այդ մասին պատմում է իր այցելուներին:
Այցելություններ են եղել Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտից
և Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայից,
հնարավոր միջազգային գործընկեր կառույցներ,
որոնք հետաքրքրված են Հնագիտության ինստիտուտի գործունեությամբ:
Նա նկարագրում է, թե ինչպես են այդ գտածոները քարանձավում պահպանվել:
Գաղտնիքը ջերմաստիճանի, խոնավության ու գոմաղբի ինքնատիպ համադրության մեջ է,
այո, այո, գոմաղբը,
որն ակնհայտորեն օժտված է պահպանելու հատկությամբ:
Կինս՝ Լիբբին փորձում է համոզել Բորիսին այս հատուկ գոմաղբը շշալցնել
(Ծիծաղ)
ու վաճառել որպես դեմքի քսուկ։
(Ծիծաղ)
Տեսնենք, ինչպես կվաճառվի դա:
(Ծիծաղ)
Արենու քարանձավը միակը չէ: Հայաստանում բազում այլ հնավայրեր կան:
Սա Կաքավաձորն է,
նոր բացահայտված մի հնավայր Գյումրու ճանապարհին:
Մի գեղատեսիլ սարավանդ՝
հուսով եմ նկարում դուք դա տեսնում եք,
երկու կողմից կիրճերով երիզված։
Սարավանդը նայում է ուղիղ Արարատին:
Շլացուցիչ տեսարան:
Այս սարավանդը լեփ լեցուն է տասնյակ քարե զոհասեղաններով
ու քարե փորագրված առարկաներով, որոնք օգտագործվել են զոհաբերությունների,
ծիսակատարությունների ու Աստված գիտի թե ուրիշ ինչերի համար:
Այս հնավայրում պեղումներ ընդհանրապես չեն կատարվել:
Այժմ նայեք աջ կողմի նկարին:
Աջ կողմի նկարում երկու անկրկնելի օձաձև ժայռապատկերներ են՝
տափակ քարի վրա, որը տեղացիներից մեկի տուն տանող ճանապարհին է:
Սարավանդի ծայրին տուն կա ու այդ տան ճանապարհն
այդ քարի վրայով է անցնում:
Ենթադրում եմ, որ տան բնակիչը
ամեն օր աշխատանքի գնալիս, դրանց վրայով է անցնում։
Հայաստանից բացի աշխարհում ուրիշ էլ որտե՞ղ
տան ճանապարհը կարող է անցնել
5500-ամյա օձաձև ժայռապատկերների վրայով:
Դա պարզապես հիանալի է։
Այսպիսով, Կաքավաձորը նոր բացահայտված մի հնավայր է,
5500 տարի հնության, որտեղ պեղումներ դեռ չեն կատարվել,
մի վայր է, որ հնագետ ուսանողները,
հետազոտողները, համալսարանները
ուղղակի կերազեն աշխատել:
Ի՞նչ անեք, որ դա տեղի ունենա: Ի՞նչ կարող ենք մենք անել:
Բայց ավելին կա։
Հուսով եմ, նկարը երևում է: Այս վայրը Արմավիրի մարզում է:
Լուսանկարն արված է Google Earth-ով,
չգիտեմ անգամ քանի
հազար ֆուտ բարձրությունից,
ու այստեղ երևում է մի հսկա կառույց,
4500-ամյա մի հսկայական կառույց, քարե կառույց:
Այս վայրն օգտագործվում է, ավելի ճիշտ օգտագործվել է որպես թակարդ-որսատեղի:
Էկրանի աջ կողմում դուք տեսնում եք բացվածքը,
որտեղից գայթակղում էին կենդանիներին դեպի ներս,
որից հետո նրանք բնազդաբար քարե պատի կողքով առաջ էին շարժվում
ու երբ հասնում էին սեպանման բացվածքին, նայեք էկրանի ձախ կողմում,
փոսն էին ընկնում: Եվ ինչ, ճաշի հարցը լուծված է:
Այս թակարդ-որսատեղին 4500 տարվա պատմություն ունի,
այն Արմավիրի մարզում է,
այնտեղ կան նաև բազմաթիվ ժայռապատկերներ:
Վայրն ինքնին շատ ուշագրավ է,
սակայն դրա հետ կապված կա առավել ուշագրավ մի բան:
Այս վայրը, այս վայրի հետ կապված վերլուծությունները
փոխում են մարդաբանության ու հնաբանության մեջ ցեղային կամ
համայնքային միությունների ձևավորման բոլոր ավանդական պատկերացումները:
Ինչո՞ւ են մարդիկ միավորվել: Սա փոխում է պատկերացումներն այն մասին,
թե ինչո՞ւ են հնագույն ժամանակներում մարդիկ սկսել միասին գործել:
Ըստ ավանդական տեսությունների միավորումը տեղի է ունեցել գյուղատնտեսության հետ,
գյուղատնտեսությունն է որսորդներին բերել դեպի համայնքներ:
Այս հնավայրի օրինակը սակայն ցույց է տալիս,
որ այստեղ դա եղել է նախքան գյուղատնտեսության ներդրումը:
Սա ցույց է տալիս, որ մարդիկ որոշ համատեղ
համայնքային ծրագրեր իրականացրել են մինչ
գյուղատնտեսության ի հայտ գալը:
Եվ դա նոր հեղափոխական գաղափար է
մարդաբանության ոլորտում:
Իսկ այդ վայրը հենց մեր կողքին է, Արմավիրի մարզում:
Կան բազմաթիվ այլ հնավայրեր: Սա Ուղտասարն է,
Սիսիանից ոչ հեռու, շշմեցուցիչ ժայռապատկերներով պատված մի լեռ:
Ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ ներուժն հիրավի շատ մեծ է:
Հնավայրեր կան Հայաստանի բոլոր անկյուններում:
Շուրջ մեկ տասնյակ հնավայրեր, որոնց շուրջ աշխատանքներ են ընթանում
ու բազմաթիվ հնավայրեր, որտեղ ոչինչ չի կատարվում:
Հիրավի, շատ մեծ ներուժ կա:
Ի՞նչ խնդիր եմ ես առաջ քաշում:
ԱՄՆ դեսպանատունն օրերս Վաշինգտոնից ստացել է 50 հազար ԱՄՆ դոլար
Արենու քարանձավում աշխատանքներ սկսելու համար:
Մենք կապահովենք պաշտպանիչ ցանկապատ
և քարանձավ մուտքը բարելավելու համար
կսկսենք տեղադրել վերգետնյա աստիճաններ,
որին ավելի վաղ սլայդներից մեկում ես անդրադարձ կատարեցի:
Սա սկիզբն է, և սրանով
հնարավորություն կընձեռնվի,
(Ծափահարություններ)
որ տուրիստները գան այստեղ, վայելեն քարանձավի գանձերը
Ինստիտուտը լրացուցիչ ռեսուրսներ ունենա
և հնարավոր դառնա վերսկսել պեղումները,
որպեսզի հողը դուրս բերվի ու մենք տեսնենք, թե քարայրի մյուս կողմում ինչեր կան:
Սա սկիզբն է:
Կամ մի այլ կարևոր գործընկեր ևս, ով աշխատում է Ինստիտուտի հետ:
Մայքլ Գֆոլերը, նա այստեղ է,
դեսպան, ով թոշակի է անցել,
նա ԱՄՆ փոխդեսպանն էր Հայաստանում:
(Ծափահարություններ)
1990-ականների վերջին նա ԱՄՆ փոխդեսպանն էր Հայաստանում:
Հայաստանից մեկնելուց ի վեր, նա իր եղբոր Ջոյի հետ
միջոցներ է հայթայթել Հայաստանում հնագիտական պեղումների
անցկացման համար:
(Ծափահարություններ)
Բայց այս հարցում նրանք միայնակ են եղել,
ուրիշ ոչ ոք հետևողական քայլեր չի ձեռնարկել Ինստիտուտին, Բորիսին
ու իր արշավախմբին օգնելու ու պեղումների շուրջ նրանց հետ աշխատելու հարցում:
Չափսերով Հայաստանին մոտ այլ երկրներում՝
Իսրայելում, Կիպրոսում և նույնիսկ փոքրիկ Մալթայում
լավ գործ են արել
պեղումների, հնավայրերի պահպանության ու դրանք
ուսումնական ու տուրիստական նպատակներով գովազդելու ուղղությամբ:
Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանում: Ինչո՞ւ ոչ Հայաստանում:
Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք օգնել:
Հնագիտության ինստիտուտն աշխատում է ավանդական գործընկերների հետ,
ինչպիսիք են դեսպանատները, միջազգային կազմակերպությունները,
հիմնադրամները, համալսարանները:
Դրանք բոլորը օգնում են ինչ-որ բաներ սկսել:
Կարևոր ու լավ աշխատանք է սա:
Բայց կան բազմաթիվ հարթակներ, նոր ստեղծարար հարթակներ,
որոնց միջոցով անհատները կարող են իրենց ներդրումները կատարել:
Այս պահին Հայաստանն
այս հարթակներից բավականաչափ չի օգտվում:
Այս հարթակները մեծ ներուժ են պարունակում։
Հավաքական կամ բազմության ֆինանսավորման հարթակները,
միկրովարկավորումը, սոցիալական ձեռնարկատիրությունը, մեծ ներուժ ունեն։
Հավաքական ֆինանսավորման հարթակներից մեկը
առաջիկայում հնագիտական ծրագրով քարոզչություն կսկսի:
Ինչ եմ ակնկալում ձեզնից,
հուսով եմ, որ այսօր, երբ Թումոյից գնաք,
կմտածեք, թե ինչ կարող եք անել
ձեր կազմակերպությունների միջոցով
կամ որպես անհատներ՝ հավաքական ֆինանսավորման հարթակների միջոցով,
որպեսզի այս հնագիտական գանձերը դուրս բերվեն մշուշից
և Հայաստանը ներկայանա որպես հնագիտական գանձարան:
Հայաստանը սկսել է գովազդել իր կրոնական, պատմական,
մշակութային հուշարձաններն ու արժեքները։
Իսկ ինչո՞ւ ոչ հնավայրերը:
Կրկին, հուսով եմ, որ այստեղից գնալով
կփորձեք ավելին անել, քան սոսկ պատկերացնել,
թե ինչ հոյակապ բաներ կարելի է տեսնել Արենու քարանձավում:
Հուսով եմ, որ դուրս կգաք ու սեփական աչքերով կտեսնեք այդ ամենը
և որ ավելի կարևոր է,
այդ մասին լսելի կդարձնեք աշխարհին:
Շատ շնորհակալություն։
(Ծափահարություններ)